ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ, մեր բողոքները մերժեց, դա կբողոքարկվի: Այս մասին, ասաց ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ըստ դատարանի պետք է կալանավորվի. խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,-ասաց նա՝ հավելելով, որ մնացածը կասի ասուլիսի ժամանակ:

«Բողոքարկելու ենք բոլոր հնարավոր ատյաններ, բոլոր հնարավոր եղանակներով:  Սա աննախադեպ էր իր իրավաբանական ոլորտի խախտումներով: Ինձ համար աննախադեպ որոշում էր: Բնականաբար, կայացվել է, ուրիշ ձեւ հնարավոր չէր՝ կայացված լիներ, ճնշումների ազդեցության տակ: Դա բոլորի համար ակնհայտ է»,-ասաց պաշտպանը:

Հարցին, թե վստահ է, որ սա քաղաքա՞ն որոշում է, Ալումյանն արձագանքեց. «Ես քաղաքականության մասին չխոսեմ: Ճնշումը դուք տեսել ու լսել եք հեռուստացույցերով ու ինտերնետներով»:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի գործով իր որոշումը:

Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հինգ օր շարունակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։