Թբիլիսիի կենտրոնում սկսվել է նոր ճոպանուղու շինարարությունը, որը կկապի Ազատության հրապարակը Տաբորի լեռան հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։   

Նոր ճոպանուղին եռաստիճան կլինի։ Նրա ստորին կայանը տեղակայված կլինի Luxury Collection հյուրանոցի վերջին հարկում, որի շինարարությունը ներկայումս ընթացքի մեջ է։  

Ճոպանուղու միջոցով կարելի կլինի հասնել Սոլոլակի լեռնաշղթայի վրա գտնվող գիտաժողովների կենտրոն եւ Տաբորի լեռան վրա գոլֆ ակումբի տարածք, այս երկու կառույցների շինարարությունը շարունակվում է։

Նախագծի ներդրումային արժեքը գերազանցում է 10 մլն դոլարը։ Ճոպանուղու շինարարությունը կավարտվի 2019 թվականի վերջին։