ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ վերքննիչ քրեական դատարանի որոշումից հետո հանդես են գալիս մամուլի ասուլիսով:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների բողոքները եւ ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատական նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել է. «Ըստ դատարանի Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի. խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»:

Պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ նշել է. «Սա խուսափողական որոշում էր, իրենց կաշվից հեռու»: Հարցին, թե որոշումն ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞, նա պատասխանել է. «Չգիտեմ, իհարկե, մինչեւ չգա, չի կալանավորվի»: Ռուբեն Սահակյանը նաեւ նկատել է, որ Վճռաբեկ դատարանը որոշում չի կայացրել, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի գործով իր որոշումը:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հինգ օր շարունակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։