Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների հետ Եվրոպական Միությունում արհեստական ինտելեկտի զարգացմանը եւ օգտագործմանն ուղղված համաձայնեցված ծրագիր  է ներկայացրել եւ ակնկալում է դրա համար ավելի քան 20 միլիարդ եվրո ներդրում հավաքել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Եվրոպական երկրները որոշել են այդ ոլորտում միմյանց եւ Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցել տվյալները միավորելու, ավելի շատ ներդրումներ կատարելու, համապատասխան եւ տաղանդավոր կադրերին նախապատրաստելու, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտին վստահելու պայմաններ գտնելու համար», - Բրյուսելում մամուլի ասուլիսին ասել է Եվրոպական հանձնաժողովի թվային շուկայի նախագահ Անդրյուս Անսիպը:

Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը համակարգում է արհեստական ինտելեկտի համար ներդրումների աշխատանքը, որի նպատակն է մինչեւ 2020 թվականի վերջը մասնավոր եւ պետական ներդրումներից հավաքել առնվազն 20 մլրդ եվրո:

Եվրոպական հանձնակատարը հավելել է, որ դա շատ կարեւոր է զբաղվածության աճի համար, քանի որ արհեստական ինտելեկտը կիրառական տարածք չէ, այլ «ապագան ձեւավորող» ոլորտ:

Նա նաեւ ընդգծել է արհեստական ինտելեկտի կարեւորությունը բժշկության համար, հիմնականում քաղցկեղի ախտորոշման եւ բուժման համար: