Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին թագավորական նստավայրում ընդունեց Շվեդիայի Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը՝ դեսպանի առաջիկայում սպասվող դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Ապիտոնյանը Կառլ 16-րդ Գուստաֆին ներկայացրեց երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից ի վեր հայ-շվեդական հարաբերություններում գրանցված առաջընթացը, կառավարական եւ խորհրդարանական մակարդակներում կայուն քաղաքական երկխոսության հաստատումը, առեւտրաշրջանառությունում, ինչպես նաեւ կրթական եւ մշակութային փոխանակումներում գրանցած աճը։ Դեսպանն իր երախտիքը հայտնեց Շվեդիայի իշխանություններին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին տարիներ ի վեր տրվող աջակցության, ինչպես նաեւ ՀՀ դեսպանության գործունեությանը եւ նախաձեռնություններին օժանդակության համար։

Կարեւորելով Հայաստանի եւ Շվեդիայի բարեկամական փոխգործակցության շարունակական զարգացումը՝ Թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆը շնորհակալություն հայտնեց դեսպան Ապիտոնյանին դիվանագիտական առաքելության տարիներին հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ։