Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով  քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առեւտրատնտեսական համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարեւորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զոհրաբ Մնացականյանն անդարդարձավ Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիմնան վրա կառավարության նախաձեռնած բարեփոխումների գործընթացը, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություննների համատեքստում վերահաստատեց կառավարության հանձնառությունն ազատ, արդար եւ ժողովրդի կամքն արտահայտող ընտրական գործընթացի ապահովմանը:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի կառավարության գերակայություններից է նաեւ զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության եւ նորարարության ոլորտները՝ այս առումով կարեւորելով ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության հետագա խորացումը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ կարեւորելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին գործադրվող ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր շուրջ: