Դեկտեմբերի 7-ին ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում, իր աշխատանքները շարունակեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը:

Վարժանքին մասնակցում են ՄԱԿ-ի՝ Աղետների աջակցման եւ համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր, ինպես նաեւ ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի եւ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրականացրել են փրկարարական առաքելություն:

Ըստ սցենարի՝ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետեւանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երեւան քաղաքում: Վարժանքի ընթացքում տեղի են ունենում միջազգային եւ տեղական տարբեր կազմակերպությունների հադիպում-քննարկումներ, համակագրվում են ազգային եւ միջազգային փրկարարական թիմերի աշխատանքներն աղետի գոտում: Աղետի պայմանական գոտում ձեւավորվել են տեղական ԱԻ կառավարման լիազոր մարմինը՝ LEMA, աղետի գոտում գործողությունների համակարգման կետնրոնը՝ OSOCC, ՄԱԿ-ի աղետների գնահատման եւ համակարգման թիմը՝ UNDAC, սահմանային ընդունման եւ մեկնման կենտրոնը՝ RDC, ինչպես նաեւ՝ օգնության ձեռք մեկնած պետությունների փրկարարական թիմերի տեղակայման վայրերն ու նրանց գործողությունների կետերը:

Խաղարկային վերջին օրը տեղի ունեցավ տեղական լիազոր մարմնի եւ միջազգային փրկարարական առաքելություն իրականացնող ուժերի ներկայացուցիչների մամուլի ասուլիս: Միջոցառման ընթացքում բանախոսները ներկայացնում էին աղետին հաջորդող 7 օրերի իրադրությունը՝ պատասխանելով միջազգային եւ տեղական լրատվամիջոցների հարցերին:

Վարժանքի խաղարկային օրվա ավարտին տեղի ունեցավ սիմուլյացիոն վարժանքի հանդիսավոր փակման արարողությունը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը, որից հետո վարժանքին մասնակող բոլոր թիմերը պարգեւատրվեցին վկայագրերով: Դրանք հանձնեցին ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի քարտուղար Ջեսփեր Հոլմեր Լունդը եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Շնորահակալություն հայտնելով վարժանքին մասնակցող բոլոր թիմերին, ՄԱԿ-ի տարբեր գրասենյակների եւ կառույցների ներկայացուցիչներին՝ Հ. Եմիշյանը մեծապես կարեւորեց բոլոր թիմերի ակտիվ մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ մասնակիցները զինվեցին գիտելիքների մեծ պաշարով: Հ. Եմիշյանը ընդգծեց նաեւ վարժանքին մեծաթիվ բժշկական թիմերի ներգրավվածությունը՝ նկատելով, որ INSARAG-ի այս վարժանքի ընթացքում առավել ամրապնդվեցին համագործակցային հարաբերությունները Առողջապահության նախարարության հետ: 

Ջեսփեր Հոլմեր Լունդը, շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարության ողջ անձնակազմին ջերմ հյուրընկալության եւ վարժանքը պատշաճ կազմակերպելու համար՝ INSARAG-ի անունից հուշանվեր հանձնեց Հ Եմիշյանին:

Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր եւ կազմակերպություն: Այն հիմնվել է 1991թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985թ. Մեքսիկայի եւ 1988թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: