ԱՄՆ-ի Վերաքննիչ դատարանը ուրբաթ մերժել է վերականգնել անօրինական միգրանտներին ապաստան չտարամդրելու մասին Թրամփի հրամանի գործողությունը, ինչի  համար դիմել էր ԱՄՆ վարչակազմը, հայտնում է Associated Press-ը:

Նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյի ստորին ատյանի դատարանը  ժամանակավորապես արգելափակել էր տվյալ հրամանի կիրառումը՝ քննելով Քաղաքացիական ազատությունների պաշտպանության միության եւ Սահմանադրական իրավունքների պաշտպանության կենտրոնի հայցը, որոնք պնդում էին, որ Թրամփի որոշումը խախտում է մարդու իրավունքները: Դրանից հետո ԱՄՆ վարչակազմը դիմել էր Իններորդ շրջանի Վերաքննիչ դատարան:

AP-ն նշում է, որ դատարանը քննելով բողոքարկումը, հրաժարվել է վերականգնել հրամանի գործողությունը՝ նշելով, որ այն ակնհայտորեն կարող է հակասել ամերիկյան օրենքներին: Այսպիսով Սան Ֆրանցիսկոյի դատարանը կշարունակի քննել իրավապաշտպանների հայցը: Մինչ գործի ավարտը հրամանի գործողությունը կկասեցվի:

Թրամփը հրամանը ստորագրել էր նոյեմբերի 9-ին՝ հիմնավորելով, որ ցանկանում  է կասեցնել ԱՄՆ հարավային սահման շարժվող միգրատների քարավանները, որոնք հիմնականում Կենտրոնական Ամերիկայի բնակիչներ են: ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարության տվյալներով Մեքսիկայի տաարծքում՝ սահմանի մոտ, ավելի քան 7 հազար մարդ է կուտակվել, ովքեր ցանկանում են ԱՄՆ-ում ապաստան ստանալ: Հոկտեմբերի վերջին ԱՄՆ առաջնորդը հրամայել էր 15 հազար զինվոր ուղարկել սահման, որպեսզի խոչընդոտի միգրանտների կողմից սահմանի հնարավոր զանգվածային անցմանը: