Իտալիայի Անկոնա քաղաքի ակումբի համերգին հրմշտոցից հետո մոտ 60 մարդ հոսպիտալացվել է, 6-ը՝ մահացել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը:

«Տեղում մեր աշխատանքն ավարտված է, մենք օգնում էինք տուժածներին տարածքից հանել: Մահացածների թիվն այս պահին 6 է: Այժմ այնտեղ իրավապահներ են, որոնք պարզում են միջադեպի պատճառները: Մեզ հայտնել են, որ հիվանդանոցներ է տեղափոխվել  մոտ 60 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա կրկնել է կատարվածի մասին արդեն հայտնի վարկածը, որի համաձայն ինչ-որ մեկը պղպեղի բալոն է կիրառել՝ խուճապ առաջացնելով:

Ավելի վաղ Անկոնայի  տեղական ոստիկանության վարչության ղեկավար Օրեստե Կապոկազան դեպքի վայր ժամանելուց հետո հայտարարել էր, որ ռեպ համերգին հրմշտոցի հետեւանքով 35 մարդ վիրավորվել է, նրանցից 12-ը ծանր վիճակում են, մի քանիսի կյանքը վտանգված է: