ՀՀ Ոստիկանությունը հիշեցնում է ընտրողներին կաշառելու կանխման եւ այլ ընտրախախտումների բացահայտման համար հեռախոսային գաղտնալսումներ եւ գաղտնի նկարահանումներ իրականացնելու իր իրավունքի մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ սեպտեմբերին ԱԺ կողմից ընդունված քրեական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, խստացվել են  ընտրական հանցագործությունների համար պատիժները, իսկ ոստիկանությունը դրանց բացահայտման նոր հնարավորություններ է ստացել:

Մասնավորապես նախատեսվել են հետևյալ պատիժները՝

- Ընտրակաշառք ստանալու կամ անգամ պահանջելու համար՝ 500.000-ից 700.000 դրամ տուգանք կամ 1-ից 3 տարի ազատազրկում:

- Ընտրակաշառք տալու կամ անգամ առաջարկելու համար՝ 2.500.000-ից 3.000.000 դրամ կամ 2-ից 6 տարի ազատազրկում:

- Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-ից 6 տարվա ազատազրկում:

- Որևէ եղանակով ընտրությունների արդյունքները կեղծելու համար (այդ թվում՝ ռեյտինգային թեկնածուների ձայների կեղծման)՝ 3-ից 8 տարվա ազատազրկում:

Ավելին, ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (օրինակ հեռախոսների գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար»,-նշվում է հաղորդագրությունում: