ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Ասրիյանը ստեղծել է  աշխարհում ամենաբարձր ՕԳԳ-ով Գաուսի թնդանոթը՝  էլեկտրամագնիսական արագացուցիչը: 17-ամյա գյուտարարի հետ զրուցել է «Արմենպրեսը»։

«Գաուսի թնդանոթը էլեկտրամագնիսական արագացուցիչ է: Այն փամփուշտը արագացնելու համար օգտագործում է միայն էլեկտրամագնիսական դաշտ: Գաուսի թնդանոթը կարող է կիրառություն գտնել տարբեր ոլորտներում: Առաջին հերթին այն կհեշտացնի տիեզերք տիեզերանավեր ուղարկելը: Սկզբնական արագացման համար կօգտագործվի միայն էլեկտրականություն, դրա շնորհիվ կվերանա պայթելու վտանգը: Այն նաև չի աղտոտում մթնոլորտը»,- պատմել է Ալեքսանդր Ասրիյանը։

Գաուսի թնդանոթը կարելի է օգտագործել նաև անօդաչու թռչող սարքերն արագացնելու համար, սակայն նրա  ՕԳԳ-ն շատ ցածր է՝ մոտ 1 տոկոս:

«Տվյալներ կան, որ այս համակարգի առավելագույն ՕԳԳ-ն հասնում է մինչև 7 տոկոս: Ես իմ առաջ նպատակ էի դրել հնարավորինս մեծացնել այդ ցուցանիշը: Տարբեր մեթոդների կիրառմամբ ես ստացա 6, 7 տոկոս ՕԳԳ»,- ասել է նա:

Ալեքսանդրը ոչ միայն առաջինն է, որ Հայաստանում Գաուսի թնդանոթ է ստեղծել, այլ նաև առաջինն է աշխարհում, որ թնդանոթը ստեղծել է նման բարձր՝ 6,7 տոկոս ՕԳԳ-ով:

«Մեկ տարի առաջ ուսուցիչս խոսեց Գաուսի թնդանոթի մասին: Նա սկզբում չհավատաց, որ կարող եմ սարքել: Ասաց՝ եթե սարքես, տարեկան գնահատականդ 10 եմ նշանակելու: Ասում էր՝ գիտես, թե ովքեր են փորձել ու չի ստացվել: Ու ես սարքեցի»,- պատմեց Ալեքսանդրն ու հավելեց՝ ամբողջը պատրաստել է տանը, մեկ ամսում: Պատրաստման գործընթացն էլ բավականին վտանգավոր է: Ընտանիքի անդամներն ու ընկերները սկզբում չեն իմացել, թե ինչ ուղղությամբ է աշխատում Ալեքսանդրը: «Ընտանիքի անդամներն ասում էին՝ ինչով ես զբաղված, գնա խնդիրներդ լուծիր: Հետո արդեն տեսան արդյունքը»,- պատմել է նա:

Գաուսի թնդանոթը ստեղծելով՝ Ալեքսանդրը նպատակ է ունեցել արագացնել անօդաչու թռչող սարքերը: Անօդաչու թռչող սարքերը նա համարում է մեր ապագան: «Դրանց միջոցով կարելի է նաև ուտելիք առաքել, իհարկե, նաև կիրառել ռազմական նպատակներով»: