Հայաստանի տնտեսության զարգացման եւ արագընթաց աճի համար անհրաժեշտ է երկրում վենչուրային եւ ներդրումային հիմնադրամներ ստեղծել:  Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիում անցկացվող «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը չի կարող իր քաղաքացիների բարեկեցության եւ զարգացման բարձր աստիճանի հասնել առանց տեխնոլոգիաների զարգացման եւ մարդկային կապիտալի: Այս իմաստով կարեւորագույն նշանակություն ունի սթարթափերի ֆինանսավորումը:

«Կառավարության կողմից ընդունված զարգացման հայեցակարգի անբաժանելի մասը նորարարական տեխնոլոգիաների ներդրումն է եւ տնտեսության բոլոր ոլորտներում թվայնացման գործընթացի խթանումը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը կառավարությունը ճանաչում է որպես առաջնահերթություն եւ շարունակում է զարգանալ հեղափոխական տեմպերով», - ասաց Ավինյանը:

Նրա խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը. վերջին 7 տարիների ընթացքում ոլորտը տարեկան միջինում 26 տոկոսից բարձր աճ է գրանցում: Այս ոլորտում աշխատում է ավելի քան 800 կազմակերպություն, իսկ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների թիվը գերազանցում է 15 հազարը:

«Վերջին տարիներին Հայաստանը առանձնացել է ոչ միայն  երկրում առաջատար ընկերությունների ներկայությամբ, այլ միջազգային շուկաներում հայկական ընկերությունների մուտքով», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ  Հայաստանում սթարթափ մշակույթը պատշաճ մակարդակի է հասել հայ երիտասարդների ստեղծագործական մտածողության եւ ձեռնարկատիրական ջիղի շնորհիվ:

«Բայց մենք չպետք է գոհանանք ձեռք բերված արդյունքներով, անհրաժեշտ է վենչուրային եւ ներդրումային հիմնադրամներ ստեղծել սթարթափերի աջակցության համար, որպեսզի ապահովենք տնտեսության արագընթաց աճի տեմպերը», -ասաց նա:

Նա նաեւ կարծում է, որ անհրաժեշտ է կրթության բնագավառում, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ապահովել առաջատար տեխնոլոգիաների ներդրումը: Այդ աճի համար երաշխիք կլինի նաեւ միջազգային շուկաներում մրցունակ, բարձր տեխնոլոգիական հայկական արտադրանքի բրենդի ձեւավորումը:

«Մեզ անհրաժեշտ է  նաեւ Հայաստան ներգրավել բարձր տեխնոլոգիական միջազգային ընկերությունների, ինչի շնորհիվ երկրում կստեղծվեն նոր գիտահետազոտական եւ արտադրական կենտրոններ», - ասաց Ավինյանը: