Հայաստանն Արեւելյան գործընկերության երկրների շարքում ՀՆԱ-ում փոքր եւ միջին բիզնեսի տեսակարար կշռով եւ զբաղվածության ձեւավորման հարցում վերջին տեղն է զբաղեցնում: Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում  անցկացվող  «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա ներկայացրեց  Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության, (Organisation for Economic Co-operation and Development, OECD) տվյալները, ըստ որի Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժինը հասնում է ընդամենը 30 տոկոսի, մինչդեռ Արեւելյան գործընկերության մյուս երկրներում այդ թիվը 70 տոկոս է:

 «Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի ՀՆԱ-ում ՓՄՁ-ների բարձր մասնաբաժնի հասնելու համար, բայց դա հնարավոր է, եւ ներկայիս կառավարության հայտարարություններն այս հարցում շատ խոստումնալից են», - ասաց դեսպանը:

Երեք տարի առաջ ՓՄՁ-ն Հայաստանում համարվում էր սոցիալական խնդիրներ լուծելու, աղքատության եւ գործազրկության դեմ պայքարի գործիք:

«Բայց այժմ Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ ՓՄՁ-ն երկրի տնտեսական աճի եւ մարզերի զարգացման երաշխիք է», - ասաց Սվիտալսկին: