Շատ եմ ցավում, որ քարոզարշավը կարճ էր, մեծ հաճույքով եւս երկու շաբաթ կշարունակեի քարոզարշավը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը:

«Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն էին:

Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով եւ իշխող ուժի կողմից տեղացող հայհոյանքներով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկինում ավելի խայտառակ խախտումներով ընտրություններ են եղել, Շահնազարյանն ասաց. «Բայց այն ժամանակ իշխանությունը չէր ասում, որ սա գալակտիկայում եղած ամենաարդար ընտրությունն է: Երրորդ, եթե առաջ գողանում էին, ապա այսօր դա կատարում են իրավապահ մարմինները, որոնք հիմնական պատժիչ գործիքներն են Փաշինյանի ընտրարշավում: Անընդհատ լսում ենք ահաբեկչական լեքսիկա Փաշինյանի կողմից, հայհոյանքներ»:

Նա ընդգծեց, որ այսօր մեր երկրի համար չափազանց կարեւոր օր է. «Ես որեւէ կասկած չունեմ, որ բոլոր նրանք, որոնք իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն:

Ես մի քվեաթերթիկը, դժվար գլխի ընկնեք, թե որ քվեաթերթիկը, դրեցի ծրարի մեջ, եւս երկուսի քվեաթերթիկը դրեցի գրպանս, որովհետեւ չէի ուզում մյուս 8-ի նման նետեմ աղբարկղ»,-ասաց Շահնազարյանը: Նա խոստացավ այդ երկու քվեաթերթիկը ցույց տալ ժամը 20-ից հետո, ՀՀԿ գրասենյակում: