«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին։

«Մի ասեք, որ երեկոյան կգնաք, որովհետեւ երեկոյան էլ կարող է հերթեր լինեն եւ ավելի լավ է շուտ գնաք ընտրական տեղամասեր»,- ասել  է նա։

Մարուքյանի կարծիքով՝ հնի ու նորի կռիվն այսօր է ավարտվում․ «Մի մանդատն էլ մասնակցություն է, եւ մեկ ձայնն էլ իշխանություն ունի։ Շատ կարեւոր է, որ դուք ձեր մասնակցությամբ լինեք նոր Հայաստանի մի մասնիկը»։

Հիշեցնենք, որ այսօր ընթանում են Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Խորհրդարանի մանդատների համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը: