ԵԽԽՎ-ն 1995 թվականից դիտարկել է Հայաստանի բոլոր ընտրությունները եւ չնայած բարդ ընտրական համակարգին եւ սոցցանցերով ահաբեկումների դեպքերի մասին հաղորդագրություններին, կրկնվող ընտրախախտումներին, որոնք նախկինում խաթարում էին քվեարկությունը, այս անգամ բացակայում էին: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԵԽԽՎ-ից դիտորդների պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Պոցեյը:

Նրա խոսքով, ընտրված իշխանությունները պետք է իրավական բարեփոխումներ սկսեն երկրում ժողովրդավարական համախմբման գործընթացի մեկնարկի համար:

Նա հավաստիացրեց, որ ԵԽԽՎ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը  հույս ունեն Հայաստանի հետ սերտ համագործակցությունը շարունակել, իսկ դիտորդների արդյունքները պետք է ներկայացվեն 2019 թվականի հունվարին՝ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին:

Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաուտալան իր հերթին նշեց, որ ընտրությունները շատ լավ կազմակերպված էին՝ նվազագույն խախտումներով եւ առանց ընտրողների վրա ճնշումների:

«Մենք շնորհավորում ենք Հայաստանի իշխանություններին եւ այս ընտրությունների մասնակիցներին, եւ կառավարությանը եւ Ազգային ժողովին հաջորդ ընտրությունների նախաշեմին կոչ ենք անում օրենսդրության հետագա կատարելագործմանը:

Եվրոպական միությունը, ներառյալ Եվրոպական խորհրդարանը, կշարունակեն աջակցել այդ գործընթացում»,- հայտարարեց նա: