Ավստրալիայի կառվարությունը պատրաստվում է Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, սակայն չի նախատեսում մոտ ժամանակում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել, այսօր հայտնել է The Australian պարբերականը:

«Վարչապետք Սքոթ Մորիսոնը եւ նրա կառավարությունը կառավարության նիստի ժամանակ Երուսաղեմը կճանաչեն Իսրայելի մայրաքաղաք: Սպասվում է, որ դեկտեմբերի 12-ին կկատարվի պաշտոնական հայտարարություն»,- հայտնում է The Australian-ը:

Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ: Մոտ ժամանակում Իսրայելում Ավստրալիայի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հրաժարվելը պայամանավորված է այն հանգամանքով, որ դեսպանատան տեղափոխությունը կարժենա 200 մլն դոլար: Ավստրալիայի իշխանությունները անհրաժեշտ չեն համարում նման ծախսեր կատարելը:

Եթե Ավստրալիան Երուսաղեմը ճանաչի Իսրայելի մայրաքաղաք, կմիանա ԱՄՆ-ին, Գվատեմալային, Չեխիային, Բրազիլիային եւ Հոնդուրասին, որոնք ավելի վաղ են ճանաչել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հռչակագրից հետո անցած մեկ տարում  այնտեղ երկու դեսպանատուն է բացվել՝ ԱՄՆ-ի եւ Գվատեմալայի: