Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կառավարության կառուցվածքի փոփոխության մասին որոշումը դիվերսանտներն են մշակել ու ընդունել: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ անհասկանալի է տրամաբանությունը, որով ցանկանում են միավորել տրանսպորտի եւ էներգետիկայի նախարարությունները: «Էներգետիկայի խնդիրն այսօր մեր երկրի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, տնտեսության զարգացման կարեւորագույն բաղադրիչն է: Ընդ որում՝ այսօր էներգետիկայի ոլորտում մենք ահռելի խնդիրներ ունենք»,- նշեց նա:.

Փորձագետը շեշտեց, որ հեղափոխությունից հետո վերջին 7 ամիսներին տնտեսության ոլորտում զգալի տեղաշարժեր չեն գրանցվել: «Այսօր հաճախ են քննադատում նախորդ իշխանություններին, սակայն նրանց հետ փոխգործակցության արդյունքում հաջողվել է հասնել երկու կարեւոր լուծումների: Առաջին հարցը վերաբերում է գյուղացիներին բանկային վարկերի տրամադրման պայմանների մեղամացմանը: Երկրորդ հարցը վերաբերում էր սահմանամերձ գյուղերի բնակիչներին 1 հա հողի համար անհատույց 60 հազար դրամի հատկացմանը: Հույս ունենք, որ նոր իշխանությունների օրոք այս լուծումը կշարունակվի՝ ոչ սահմանամեձ տարածքների վրա տարածվելու ձեւով»,- նշեց Ռաֆայել Հովհաննիսյանը: