Ցունամին, որի զոհը Ինդոնեզիայում դարձավ 400 մարդ, չվնասեց այստեղ ապրող շատ հազվագյուտ յավայական ռնգեղջյուրներին, սակայն աղետի կրկնակի հարվածը այդ տեսակին կարող է ոչնչացնել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Mongabay էլեկտրոնային ամսագրին։

Երկրի իշխանությունները հայտարարել էին, որ ցունամին կարող էր առաջանալ Անակ Կրակատու լեռան հրաբխային ակտիվության հետեւանքով առաջացած ստորջրյա սահանքներից։

Նշվում է, որ Անակ Կրակատուն երեւում է Յավա կղզու վրա գտնվող Ուջունգ Կուլոն ազգային պարկից, որտեղ ապրում են աշխարհում վերջին յավայական ռնգեղջյուրները։ Վերջին տվյալներով՝ նրանց թիվը 68 է։ Ցունամիի հետեւանքով մահացել էին այգու երկու աշխատակիցներ, վնասվել էին կառույցները։

Ցունամիի ժամանակ կենդանիների հիմնական մասը տեղափոխվել էր այգու հարավայի մաս, որտեղ ալիքները չէին հասնում։ Վնասի գնահատման համար այնտեղ են ուղարկվել մասնագետներ, որոնք նաեւ կստուգեն առափնյա շրջանում տեղադրված ֆոտոթակարդները։