Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցները հունվար ամսվա դիմաց չեն վճարվի: Այս մասին Գյումրիի քաղաքապետարանից տեղյակ են պահել մարզական եւ երաժշտական դպրոցներին, ինչպես նաեւ նախակրթարանների աշխատակիցներին:

Նշենք, որ որպես պատճառաբանություն Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար հանրապետական Բորիս Ալեքսանովն ասում է, որ «տարածում է գտել սուր օդակաթիլային ինֆեկցիա եւ ապահովության համար քաղաքապետարանը որոշել է մանկապարտեզները փակել»:

Հիմա քաղաքապետարանը հրաժարվում է հունվար ամսվա դիմաց վճարել մանկապարտեզներին, թեեւ նրանց չաշխատելու որոշում կայացրել է հենց քաղաքապետարանը:

Ինչ վերաբերում է մարզական եւ երաժշտական դպրոցներին, այս կառույցներին հարկադրել են աշխատել հունվար ամիսն առանց վճարման: Աշխատակիցներին ասել են, որ քաղաքապետարանը ֆինանսավորման խնդիրներ ունի:

Իսկ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հերքում է, ասելով, որ քաղաքապետարանը ֆինանսական որեւէ խնդիր չունի: