Շուշիի գրադարանի վերանորոգման ու կահավորման աշխատանքներն ավարտվել են: Դրանք իրականացվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից, գրադարանը երկհարկանի եւ մեկ հարկանի մասնաշենքերից կազմված կառույց է` 624 քմ ընդհանուր մակերեսով: Կառույցը մասնակիորեն ուժեղացվել է, ամբողջությամբ վերահատակագծվել եւ վերակառուցվել: Փոխվել է տանիքը, սալիկապատվել են հատակները, աշխատասենյակները ծածկվել են  մանրատախտակով: Նորացվել է շենքի էլեկտրական համակարգը, անցկացվել է ընդհանուր ջեռուցում:

Մեկ հարկանի մասում գրադարանի վարչական մասն է` կազմված չորս աշխատանքային սենյակներից, նախասրահից եւ սանհանգույցից: Երկհարկանի հատվածում ընթերացասրահն է, գրապահոցն ու գրքերի պահեստը: Շենքն ունի նաեւ նկուղային հարկ, որը եւս օգտագործվում է գրադարանի կարիքների համար:

Գրադարանի ֆոնդը` ավելի քան 16 500  կտոր գիրք, որ ժամանակավորապես պահ էր տրվել Մուրացանի անվան դպրոցում, օրերս կտեղափոխվի գրադարան: Եղած գրքերը կհամալրվեն նորերով: Տնօրինությունն այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն ձեռնարկել է. շուտով մոսկվաբնակ հայ ազգագրագրետ Կարեն Յուզբաշյանի 265 կտոր գրքից բաղկացած գիտական ազգագրական հավաքածուն եւս կհանգրվանի Շուշիի գրադարանում: Գրադարանն ունի 7 աշխատակից: Վերանորոգումից հետո  հնարավոր է աշխատակազմի համալրում: Տնօրինության առաջնահերթ ծրագրերի շարքում է գրադարանի թվայնացումը:

Նշենք, որ ծրագիրն արժեցել է շուրջ 83 միլիոն դրամ: