Տոկիոյում դատական նիստին Nissan ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնը երեքշաբթի հայտարարել է, որ իր հասցեին կասկածներն անհիմն են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Kiodo գործակալությանը։

«Կասկածները, որոնք ներկայացվել են, անհիմն են։ Ես վնաս չեմ պատճառել Nissan–ին։ Իմ կյանքի 20 տարիները ես ծախսել եմ Nissan–ը վերականգնելու համար։ Ես ամբողջ սրտով սիրում եմ եւ շնորհակալ եմ Nissan–ին, բոլոր ջանքերս գործադրել եմ այն վերականգնելու համար», - ասել է  Գոնը։

Nissan–ի նախկին ղեկավարը հերքել է այն տվյալները, թե ամբողջությամբ չի նշել ընկերությունում ստացված իր եկամուտները։ Գոնն ասել է, որ դատախազության մեղադրանքները սխալ են, օրենքի խախտում չի եղել։

Ավտոկոնցեռնի նախկին ղեկավարը առաջին անգամ Տոկիոյի դատարանում ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ բավարարվել էր դատախազներին ներկայացված Գոնի փաստաբաների պահանջը՝ պարզաբանել իրենց պաշտպանյալի կալանքը մինչեւ հունվարի 11–ը  երկարաձգելու  պատճառը։ Կալանքից հետ նա առաջին անգամ է հայտնվել հանրության առջեւ։

Կառլոս Գոնը եւ կոնցեռնում նրա «աջ ձեռք» Գրեգ Քելլին նոյմեբրի 19–ին ձերբակալվել էին այն կասկածանքով, որ

Nissan–ի ղեկավարը հայտարարագրել է իր ոչ բոլոր եկամուտները եւ այդ արել է Քելլի օգնությամբ։

2010-2017 թվականներին չհայտարարագրված եկամուտների գումարը գնահատվում է 8 մլն իեն

 (մոտ 71 մլն դոլար)։ Գոնը պնդում է, որ նա եկամուտները թաքցնելու միտք չուներ։