ԱՄՆ-ն պետք է առաջնային համարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության  դիվանագիտական լուծումը գտնելը: Նման կարծիքի է ամերիկացի վերլուծաբան Ուիլյամ ՄաքՀենրին, որը Արտաքին քաղաքականության հարցերով երիտասարդ մասնագետներ հասարակական կազմակերպության փորձագետներից մեկն է:

Նրա խոսքով՝ չնայած ղարաբաղյան հակամարտությունը 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ հայտնվեց խորագրերում, ճգնաժամը չի արժանացել արեւմտյան քաղաքական գործիչների պատշաճ ուշադրությանը, հատկապես Միացյալ Նահանգներում: Վերլուծաբանի կարծիքով՝ հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները ոչ միայն թուլացնում են բուն հակամարտության մեջ ներգրավված կողմերին, այլեւ Ռուսաստանի կողմից օգտագործվում են Կրեմլի նպատակներին հասնելու համար այս կամ այն տարածաշրջանի քաղաքականության մանիպուլացման նպատակով: Այս ենթատեքստում նա առանձնապես կարեւոր է համարում, որ Վաշինգթոնում այս տարածաշրջանին ավելի շատ ուշադրություն դարձնեն:

«Դժվար է պատկերացնել, թե ինչո՞ւ պետք է աշխարհի այլ ծայրում չկարգավորված հակամարտության կարգավորումը ծառայի ԱՄՆ շահերին: Այդուհանդերձ, այս հակամարտության կարգավորումը Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի աշխարհագրական դիրքի պատճառով: Երկիրը գտնվում է ԱՄՆ երկու մրցակիցների՝ Իրանի եւ Ռուսաստանի կողքին, եւ սահմանակցում է երկու կարեւոր դաշնակիցներին՝ Թուրքիային եւ Վրաստանին: Դրանից բացի, Ադրբեջանի հետ սառեցված հակամարտությունը խոչընդոտում է Հայաստանի տնտեսական աճին եւ տարածաշրջանային առեւտրային կապերի ընդլայնմանը, քանի որ Թուրքիան, որպես Ադրբեջանի դաշնակից, Հայաստանի հետ սահմանները փակել է»,- նշում է ՄաքՀենրին:

Նշելով, որ Հայաստանում իշխանափոխության հետ կապված՝ ոմանք հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը կօգտագործի հակամարտության դիվանագիտական կարգավորման համար՝ հեղինակը շեշտում է, որ, ցավոք, «Հայաստանում ԱՄՆ կառավարության վերջին դիվանագիտական մանեւրումները պայմանավորված չէին կառուցողական ներքաղաքական իրադարձություններով»: Վերլուծաբանը նշում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան իր այցի ընթացքում, հակառակը, «ցուցադրեց չկշռադատված դիվանագիտական վարպետություն՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելով, որ փակի Իրանի հետ իր սահմանը՝ առաջին հերթին ընդգծելու փոխարեն, որ ԱՄՆ-ն Հայաստանին աջակցում է Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտության փոխընդունելի եւ խաղաղ լուծման որոնման հարցում»:

Վերլուծաբանը կարծում է, որ այս տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ ավելի ակտիվ քաղաքականությունը պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ն մինչ կկարողանա լուծել աշխարհաքաղաքական ավելի լուրջ խնդիրները, ինչպիսին է Իրանի տնտեսական ազդեցության սահմանափակումը, պետք է նախ այս սառեցված հակամարտության խաղաղ կարգավորման որոնման գործում հանդես գա որպես կառուցողական աշխարհաքաղաքական մասնակից: «Եթե հակամարտությունը կարգավորվի, սա ոչ միայն Եվրասիայում մյուս հակամարտությունների դադարեցման դրական օրինակ կծառայի, այլեւ աշխարհաքաղաքականության տեսակետից անկայուն տարածաշրջանում կստեղծի ավելի շատ անդրսահմանային առեւտրային կապեր»,- ամփոփում է հեղինակը: