Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ հունվարի 8–ին վերադարձրել է գրավի դիմաց կալանքից ազատված գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Չնայած այս հանգամանքին, Մայրապետյանը դեռևս չի կարող լքել ՀՀ տարածքը։

Օհանջանյանը նշեց, որ ՀՔԾ–ն պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ Մայրապետյանի կողմից ՀՀ տարածքը լքելու ցանկացած փորձ վարույթն իրականացնող մարմնի կողմից կդիտվի որպես խափանման միջոցը խախտելու փորձ, ինչի արդյունքում ՀՔԾ–ն հնարավոր է դարձյալ նրան կալանմավերելու միջնորդություն ներկայացնի։

Ավելի վաղ Մայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ անձնագիրը անհիմն կերպով ՀՔԾ-ում պահելու հարցով դիմել են Եվրադատարան։ Փաստաբանները դեռևս 2018թ. տարեվերջին ահազանգում էին, որ Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության Գերմանիայում՝ կյանքի ցուցումով: Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»։ Ըստ Մայրապետյանի պաշտպանների՝ ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Սամվել Մայրապետյանին: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը) նախատեսված արարքը կատարելու մեջ։