Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ Վաշինգտոնը հանդես կգա Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից քրդերի հանդեպ թուրքական ուժերի ցանկացած դաժան վերաբերմունքի դեմ՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ինքն իրեն նվաստացած չի զգում Անկարա այցի ժամանակ իր հետ հանդիպելուց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարվելու համար, քանի որ երկու երկրների միջեւ բանակցությունների ծրագիրը չի հաստատվել։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան մերժում է Սիրիայի հյուսիսում ապրող քրդերի վրա չհարձակվելու երաշխիքների տրամադրման ԱՄՆ պահանջները։ Նա Թրամփի խորհրդականի արտահայտություններն անվանել էր «մեծ սխալ» եւ խոստացել էր, որ Անկարան «շատ շուտով գործի կանցնի, որպեսզի ոչնչացնի Սիրիայում ահաբեկչական խմբավորումները»։