Տոկիոյի շրջանային դատարանը չորեքշաբթի մերժել է Renault - Nissan - Mitsubishi ֆրանս-ճապոնական ավտոմեքենաշինական դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի փաստաբանների միջնորդությունը նրան գրավով ազատելու մասին, հայտնում է Kyodo-ն:

Այսպիսով, Գոնը մինչեւ հունվարի 11-ը դեռեւս կալանավորված կմնա: Փաստաբանների կարծիքով՝ այդ ժամանակ կարելի է սպասել ճապոնական ֆինանսական օրենսդրության խախտման նոր մեղադրանքներ:

Նախօրեին դաշինքի նախկին ղեկավարը նոյեմբերի 19-ին կալանավորվելու պահից սկսած առաջին անգամ դատարանում էր հայտնվել՝ իր երկարատեւ կալանավորման պատճառների մասին անձամբ լսելու համար: Նա դատարանում իրեն Տոկիոյի դատախազության առաջադրած մեղադրանքները կեղծ էր որակել, իսկ իր կալանավորումը՝ անարդարացի: Դատարանն, իր հերթին, Գոնի երկարատեւ բանտարկությունը պատճառաբանել էր վտանգով, որ նա արտասահման կփախչի, որտեղ անշարժ գույք ունի:

Գոնը եւ Nissan-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ Գրեգ Քելլին կալանավորվել էին նոյեմբերի 19-ին՝ ճապոնական ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով եւ տեղափոխվել Տոկիոյի բանտ: Խոսքն այն մասին է, որ Գոնը Քելիի աջակցությամբ կարող էր թաքցնել 2010-2015 թվականներին որպես Nissan-ի տնօրենների խորհիդի նախագահ իր պարգեւատրումների իրական չափերը: Քննության տվյալներով՝ հայտարարագրվել է նրան հատկացված գումարի միայն կեսը՝ գրեթե 10 մլրդ իեն (մոտ 89 մլն դոլար): Այս գործով նրան արդեն մեղադրանք է առաջադրվել:

Դեկտեմբերի 10-ին նրանք կրկնակի կալանավորվել էին Գոնին 2015-2017 թվականներին հատկացված 4,2 մլրդ իեն (37 մլն դոլար) պարգեւավճարը եւս թաքցնելու նոր կասկածանքով: Սակայն դեկտեմբերի 25-ին Քելլին 70 մլն իեն (մոտ 636 հազար դոլար) գրավով ազատվել էր:

Այնուհետեւ Գոնի կալանքի ժամկետը կրկին երկարացվել էր՝ կապված նոր կասկածների հետ: 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի բարձրակետին նա փորձել էր ազատվել 1,85 մլրդ իեն (16,7 մլն դոլար) գումարի վնասներից, որը ընկերությունը կրել էր նրա անձնական ակտիվների կառավարման պատճառով, որոնք վերագրվել էին Nissan-ին: Գոնի խոսքով՝ կորպորացիայի ղեկավարությունը այս գործարքին տեղյակ էր, իսկ վնասները հետո կրկին փոխանցվել են Nissan-ի նախկին նախագահի ընկերության հաշվեկշռին: