Երեւանում գործում է հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված աշխարհում միակ թանգարանը, որտեղ պահպանվում են մոտ 800 նրա աշխատանքները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

Թանգարանի տնօրենը հիշում է, որ Փարաջանովն, ըստ էության, «մարդ-տոն» էր, քանի որ որտեղ էլ նա գտնվեր, որտեղ էլ ապրեր, միշտ ճոխ սեղաններ էր բացում եւ շատ հյուրընկալ էր։ «Նրանք, ովքեր գեթ մեկ անգամ նրան տեսել են, չեն կարող մոռանալ։ Մենք շատ բան էինք նրանից սովորում։ Մենք տարբեր առիթներով՝ նաեւ Փարաջանովի ծննդյան օրվա, հավաքվում ենք այստեղ՝ նրա տուն-թանգարանում, եւ նրա պատվին խնջույք կազմակերպում։ Մենք այցելուներին ասում ենք, որ նրանք այսօր Փարաջանովի հյուրերն են, եւ սա նրա սեղանն է։ Մենք ընդամենը շարունակում ենք այդ ավանդույթը»,- պարզաբանեց Սարգսյանը։

Նա նշեց, որ Փարաջանովը աննախադեպ հումոր ուներ, սակայն անեկդոտներ պատմել չէր սիրում, այլ միայն իր կողմից հորինված պատմություններ էր պատմում։ «Նրան բանտում պատժաժամկետի ավարտին մի քանի անգամ մեղադրել են ռեժիմը խախտելու մեջ, իբր նա «անկրակ» է աշխատում, բեղեր է աճեցրել եւ հողաթափերով է գնում ճաշարան․․․ Եւ ահա նա պատմում է, որ գաղութի պետը անցնում է իրենց կողքով եւ ասում, որ «անկրակ» են աշխատում։ Այն ժամանակ Փարաջանովը տարածքի հավաքարարն էր։ Եւ հաջորդ անգամ, երբ Փարաջանովը տեսնում է նույն պետին, այրում է ցախավելն ու սկսում այդպես ավլել։ Այսինքն՝ կրակով։ Սակայն, հնարավոր է, որ նա հորինել է այդ պատմությունը»,- ասում է տուն-թանգարանի տնօրենը։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին նշվում է հայ մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 95 ամյակը։ Այս նշանակալի օրվա հետ կապված՝ հանրահայտ ռեժիսորի տուն-թանգարանի աշխատակիցները, ինչպես նաեւ մշակույթի եւ մտավորականության ներկայացուցիչները այցելել են Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող նրա շիրիմին, որից հետո Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա առթիվ նրա տուն-թանգարանում բացվել է տոնական սեղան՝ հյուրերի եւ ուղղակի այցելուների համար։