Հունվարի 9-ի դրությամբ Կարագանդայի իրադարձությունների կապակցությամբ 5 ազգությունների 11 մարդ ձերբակալվել եւ  կալանավորվել է: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ղազախսատնում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը:

«Այսօր կայացել է Ղազախսատնի ՆԳ նախարարի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը եւ հետագա համագործակցությունը», -ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը Ղազախստանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է գտնվում:

«Մենք ղազախ գործընկերների, Ղազախստանի ղեկավարության հետ մշտական կապի մեջ ենք բոլոր մակարդակներում՝ ԱԳՆ, ՆԳՆ եւ այլ կառույցների: Իրավիճակը լիովին վերահսկվում է: Ավելին՝  դեպքից հետո 1-2 օրվա ընթացքում կատարվածը, ինքնաբուխ ելույթները զգացմունքային բռնկումներ էին, որոնք իմ կարծիքով հանդարտվել են: Ես վստահ եմ, որ դրանք չեն կրկնվի եւ նման դեպքերը՝ որպես ցուցադրական փորձեր, լիովին բացառվել են», - ասել է դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ կատարվածի կապակցությամբ 2 քրեական գործ է հարուցվել. մեկը անմիջապես ծեծկռտուքի փաստով, որը մեկ երիտասարդի մահվան պատճառ է դարձել եւ երկրոդը ազգամիջյան թշնամության բորբոքման փաստով: 5 ազգությունների 11 մարդ ձերբակալվել եւ  կալանավորվել է: Ընբդ որում 11-ից միայն երկուսն են ՀՀ քաղաքացի, Հայաստանի եւս մեկ քաղաքացի հետախուզվում է:

«Ես հատուկ չեմ ցանկանում թվարկել ձերբակալվածների ազգությունները: Սակայն նման բազմազանության փաստն ինքնին լիովին բացառում է միջէթնիկական պատճառը», - ասաց Ղալաչյանը:

«Բոլոր փաստերը, բոլոր իրադարձությունները պարզվում են: Այսօրվա հանդիպմանը մեզ նորից վստահեցրեց, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է, մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն», - հավելեց դեսպանը:

Միեւնույն ժամանակ հայ դիվանագետը նշեց մեծ քանակությամբ սխալ տեղեկատվության առկայության մասին, մասնավորապես սոցցանցերում:

«Շատ է չափազանցված: Ազգամիջյան թշնամության բորբոքման բացահայտ փորձեր կան : Ինչ-որ մեկը ցանկանում է օգուտ քաղել կատարվածից: Իրականում կարելի է վստահությամբ ասել, որ  մեր  հայերնակիցների անվտնագությունը, այդ թվում գույքային, ապահովված է Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատանքի շնորհիվ», - ասաց Ղալաչյանը:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքի արդյունքում Կարագանդայի 23-ամյա բնակիչ Ռահիմջան Ժանսեյտովը սպանվել էր: Երիտասարդի մահը դարձել էր  զգացմունքների բորոբքման պատճառ, ոմանք օգտվել էին ողբերգական միջադեպից՝ փորձելով հակահայկական կարգախոսներ հնչեցնել: