Հայաստանում ՀԴՄ նոր սերնդի սարքերը վաճառվում են ինքնարժեքից 2000 դրամ թանկ: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան` օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք եւ համադրությունն անենք համադրելի երեւույթների միջեւ: Նոր սերնդի ՀԴՄ-ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել: Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել: Չկա պահանջ, որ պետք է ձեռքբերել միայն ՊՕԱԿ-ի ՀԴՄ-ները»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԴՄ-ի  ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ:

Բացի այդ, ըստ ՊԵԿ նախագահի, տրված է հնարավորություն մինչեւ 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել սարքի դիմաց. «Ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել ու գործարկվել»: