Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունվարի 10-ի իր նիստում որոշեց Երեւանի քաղաքապետարանից նվիրատվություն ընդունել Նոր-Նորք վարչական շրջանի Բագրեւանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող 135,72 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը եւ այն ամրացնել Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ «Ինժեներական քաղաքի» ստեղծման համար կազմակերպություններին նվիրաբերության միջոցով տարածքներ տրամադրելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է հիմք ընդունելով 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ կառավարության «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշումը:

Նախատեսվում է, որ «Ինժեներական քաղաքի» ստեղծման համար կազմակերպություններին նվիրաբերությամբ տարածքներ կտրամադրվեն:

Հողի սեփականության իրավունքի փոխանցման համար ընտրվել է նվիրաբերության գործարքի եղանակը, քանի որ այն հնարավորություն է տալիս պետությանը տվյալ հողակտորի ոչ նպատակային օգտագործման դեպքում դադարեցնել սեփականության իրավունքը եւ վերադարձնել հողը։

Քանի որ հատկացվածող հողակտորի վրա շինարարությունը տվյալ ընկերությունը իրականացնելու է սեփական միջոցներով, նպատակահարմար է, որ հողը փոխանցվի տվյալ ընկերությանը որպես սեփականություն, որպեսզի այդ հողի վրա կաուցվող շենքն էլ լինի կառուցող ընկերության սեփականությունը։

Անհատույց օգտագործման դեպքում հողը հանդիսանալու է պետական սեփականություն, այդ հողի վրա կառուցված շենքն էլ (ի վերջո) լինելու է պետական սեփականություն, որը կարող է խոչընդոտ հանդիսնալ ներդրումների համար։

Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նշեց, որ խոսքը 21 մլն դոլար արժողությամբ նախագծի մասին է. «Այստեղ պետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ մասնակցում է հողի, ենթակառուցվածքների, լաբորատորիաների, ճշգրիտ չափիչ սարքերի հաստոցների եւ աքսելերատորի շենքի ուղղությամբ, իսկ մյուս կողմը՝ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության գլխավորած կոնսորցիումը մասնակցում է արդեն շենքերի կառուցման վրա, ինչպես նաեւ լաբորատորիաների, ճշգրիտ սարքերի, սարքավորումների տեսքով»: Նա ընդգծեց, որ 2020 թվականի վերջին արդեն կտեսնենք ինժեներական քաղաքը՝ կառուցված շենքերով: