Հունվարի կեսերին տեղի կունենա ՀՅԴ ընդհանուր ժողովը, որի ժամանակ կընտրվի ՀՅԴ Բյուրոն։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

«Ժողովին քննարկվելու է Բյուրոյի հաշվետվությունը, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաեւ Հայաստանում եւ մյուս երկրներում գործող կուսակցությունների գործունեությունը»,– նշեց նա։ 

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ որեւէ ինտրիգ չկա, այն ավանդական, 4 տարին մեկ գումարվող ժողով է։ 

Հարցին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը  արդյոք պատրաստվում է հեռանալ, իրականությանը համապատասխանում են այդ լուրերը, Խաչատրյանը նկատեց. «Բյուրոն ընդունվում է ընդհանուր ժողովում, ի տարբերություն այլ կուսակցությունների, որտեղ փոքր թվով մարդիկ հավաքվում, որոշում են կայացնում, մեր դեպքում Բյուրոն ընտրվում է ընդհանուր ժողովում»։

Նա, սակայն, նշեց՝ հստակ օրն ու վայրը դեռ հայտնի չէ։

Նշենք, որ ՀՅԴ ընդհանուր ժողովները վերջին տարիներին անցկացվում են Հայաստանում, 2000 թվականից ի վեր դրանք բացի մեկից անցկացվել են Ծաղկաձորում, իսկ 2015 թվականին գումարվել է Դիլիջանում։

Հավելենք նաեւ, որ այժմ գործող Բյուրոյի կազմում 11 հոգի է, որոնցից 4-ը՝ Հայաստանից (Հրանտ Մարգարյան՝ ներկայացուցիչ, Արմեն Ռուսատամյան՝ քաղաքական ներկայացուցիչ, Կիրո Մանոյան, Սպարտակ Սեյրանյան), 2-ական՝ Լիբանանից (Բենիամին Պչաքճյան, Հակոբ Խաչերյան), ԱՄՆ-ից (Վիգեն Յակուբյան, Խաչիկ Մուրադյան) եւ մեկական Իրանից (Վիգեն Բաղումյան), Ֆրանսիայից (Մուրադ Փափազյան) եւ Կանադայից (Հակոբ Տեր-Խաչատուրյան):