Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը, ապա չի կարող խոսք լինել ներման մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել.

Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը:

Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը:

Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը եւ պնդում է, որ ազատազրկման է դատապարտվել դատական սխալի հետեւանքով, ապա չի կարող խոսք լինել ներման մասին:

Այդ դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել նախաքննության կամ դատաքննության նոր փուլ` նոր ի հայտ եկած հանգամանքներով եւ որոշել դատավճռի ճակատագիրը:

Խնդիրն առավել սուր է, երբ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար մահապատժի դատապարտված, ապա ներման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին, հատկապես, որ տուժող կողմի իրավահաջորդը պնդում է պատժի մինչ վերջ կրելու իր դիրքորոշումը: Այսինքն չկա փաստացի հաշտություն դատապարտյալի եւ տուժող կողմի ներկայացուցիչների միջեւ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Նաեւ տեղեկություն է տարածվել, որ  ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։

ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am–ին հայտնեցին, որ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, հրապարակման ենթակա չեն:

Ենոքյանին ներո՞ւմ կշնորհվի. ԱՆ պարզաբանումը