Տոկիոյի դատախազությունը Nissan Motor Corporation-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնին նոր մեղադրանքներ է ներկայացրել, ներառյալ վստահության չարաշահման մեղադրանքը, հայտնում է ճապոնական Nikkei պարբերականը:

Դատախազությունը, մասնավորապես, պնդում է, որ Գոնը 2008 թվականին Nissan-ի վրա է դրել իր անհատական վնասները, որոնք կրել է 1,85 մլրդ իենի (17 մլն դոլար) արժութային պայմանագրերում ներդրումներից, ինչպես նաեւ 2009-2012 թվականներին Nissan-ի միջոցներից սաուդցի բիզնեսմենին է փոխանցել ընդհանուր առմամբ 1,6 մլրդ իեն:

Դրանից բացի, նրան մեղադրանք է առաջադրվել 3 տարում՝ ընդհուպ մինչեւ 2018 թվականին ավարտվող ֆինանսական տարին իր ստացած պարգեւավճարների նվազեցման համար:

Գոնին առաջադրված նախորդ համանման մեղադրանքը վերաբերում էր 5-ամյա ժամանակաշրջանին, որն ավարտվում էր 2015 թվականի մարտին: Այդ 5 տարում Nissan-ի տնօրենների խորհրդի նախկին ղեկավարը թաքցրել էր 5 մլրդ իեն (44 մլն դոլար): Հաշվի առնելով նոր մեղադրանքները՝ խոսքը 8 տարում մոտ 9,1 մլրդ իեն եկամուտը թաղցնելու մասին է:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի իշխանությունները Գոնին կալանավորել են նոյեմբերի 19-ին կարագավորողի ուղարկած վճարումների գումարի նվազեցման եւ ներդրողներին ու իշխանություններին մոլորության մեջ գցելու կասկածանքներով: