Մոսկվան կարծում է, որ Բաքուն կհրաժարվի ՌԴ քաղաքացիների, հատկապես հայերի հանդեպ էթնիկական հատկանիշի պատճառով խտրական քաղաքականությունից եւ չի խոչընդոտի նրանց մուտքը երկիր: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ուշադրություն է դարձրել ադրբեջանական իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ էթնիկական հատկանիշով խտրական քաղաքականության բազմակի դրսեւորումների  մասին մեծ թվով հրապարակումներին, այդ թվում սոցիալական ցանցերում:

«Եթե խոսենք վիճակագրության մասին, անցյալ տարի մեզ հայտնի դարձավ Ադրբեջանում էթնիկական հատկանիշով  Ադրբեջան մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիների մերժման առնվազն 16 դեպքի մասին», - հավելել է նա: «Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի քաղաքացիները երկար ժամանակով պահվել են օդանավակայանում, այնուհետ բռնի ուժով արտաքսվել երկրից՝ առանց պաշտոնական պատճառները նշելու»:

 «Նման դեպքերը, ցավոք, դառնում են ավանդույթ, ընդ որում, ցավոք, վատ  եւ սխալ ավանդույթ», - նշել է դիվանագետը:

«Այս փաստերը, մեր տեսանկյունից, ՌԴ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության պայմանագրի, Քաղաքացիների առանց արտոնագրի մուտքի մասին միջկառավարական համաձայնագրի եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության հռչակագրի ոգուն եւ տառին»:

Նրա խոսքով, ռուսական կողմը «բազմիցս ադրբեջանական կողմի ուշադրությունն է հրավիրել  ներկայիս իրավիճակի անթույլատրելիությանը, պահանջել է դադարեցնել ձերբակալության եւ արտաքսման պրակտիկան, քանի որ այն անհամատեղելի է երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ»: «Ադրբեջանի ղեկավարության հետ շփումների ընթացքում մենք հավաստիացում ենք ստացել, որ իրավիճակը կշտկվի, եւ մենք մեծ հույսեր ունենք», - ընդգծել է Զախարովան: