Իսրայելը չպետք է օժտված լինի ցեղասպանություն տերմինի օգտագործման բացառիկ իրավունքով: Նման տեսակետ ունի Երուսաղեմի Հրեական համալսարանի Թրումենի ինստիտուտի գիտաշխատակից, դոկտոր Չեն Բրեմը:

Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է ինքն իրեն հարց տա՝ որո՞նք են իր արժեքները, հայտնում է Jerusalem Post-ը:

«Ադրբեջանը, մի կողմից, Իսրայելի կարեւոր դաշնակիցն է, եւ մենք սպառնալիքի տակ չպետք է դնենք այդ հարաբերությունները: Եվ, իհարկե, Թուրքիայի հետ հարաբերությունները առանձնապես բարդ են: Մյուս կողմից, հնարավոր է, Իսրայելն իսկապես կարող է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը»,- կարծում է գիտնականը:

Նրա կարծիքով՝ Իսրայելը պետք է ի վիճակի լինել հակազդելու Ադրբեջանին եւ ասելու. «Մենք ձեր դաշնակիցն ենք, բայց մենք կցանկանայինք նաեւ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, եւ դուք դա չպետք է դիտարկեք որպես քայլ, որը մեր հարաբերություններին վնաս կհասցնի»: «Կարծում եմ՝ խայտառակություն է, որ մինչեւ հիմա Իսրայելը նման ջանքեր չի գործադրել»,- նշել է նա:

Բրեմը հավելել է, որ մի շարք երկրներ, որոնք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են:

«Ես չեմ ասում, որ ամեն ինչ հարթ կընթանա, բայց վերջնարդյունքում ամեն ինչ կհանդարտվի: Մի շարք իսրայելցի ներկայացուցիչներ Երեւանում անտեղի մեկնաբանություններ են կատարել Հոլոքոստի եզակիության մասին, սակայն մենք պետք է ընդունենք, որ յուրաքանչյուր ցեղասպանություն իր հատուկ բնույթն ունի: Եվ մենք չենք կարող ժխտել, որ Հայոց ցեղասպանությունը եւ դրան աշխարհի արձագանքը առաջնահերթ ազդեցություն են ունեցել Հոլոքոստն իրականացնելու նացիստների ունակության վրա: Այս ոլորտում իրավիճակը բարելավելու համար Իսրայելը մեծաթիվ հնարավորություններ ունի: Բարեբախտաբար, հայերը գիտեն, թե իսրայելցիների մեծ մասը այս հարցին ինչպես են վերաբերվում, բայց դա մեզ չի ազատում այն բանի պատասխանատվությունից, որպեսզի այդ փոփոխությունը պաշտոնական դարձնենք»,- շեշտել է նա: