Նորընտիր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այն կարծիքին է, որ նոր խորհրդարանում Հայ Հեղափոխական Դաշնակցության տեղն հաստատ զգացվելու է։ Այս մասին նա կարծիք հայտնեց այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում։

«Կային նաեւ պրոֆեսիոնալ պատգամավորներ, այդ թվում՝ Հանրապետականում, նրանց տեղն էլ կզգացվի, բայց հույս ունեմ, որ շատ արագ նոր պատգամավորները կհմտանան իրենց գործում եւ կզարգացնեն իրենց գիտելիքները, հմտությունները եւ մենք այդ բացը չենք ունենա»,–նշեց նա։

Հարցին՝ մեծ թվով երիտասարդ պատգամավորների ներկայությունը կարո՞ղ է համարվել նորընտիր Ազգային ժողովի թերությունը, Մարուքյանը պատասխանեց. «Երիտասարդությունը երբեք չի կարող թերություն համարվել, դա միշտ լավ է, միշտ դրական է, եթե երիտասարդները գան սովորելու համար, գան, որ ինքնակրթությամբ, իրենց վրա աշխատելով իրենց գիտելիքները զարգացնեն, բնականաբար, ամեն ինչ լավ կլինի, եթե ոչ, ապա դա իրենց խնդիրն է լինելու, ես ինքս էլ որպես երիտասարդ եմ եկել այս խորհրդարան։ Ես 31 տարեկանում եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով, այնպես չէր, որ ես ԱԺ–ում հմուտ պատգամավոր էի, եկել էի դառնալու պրոֆեսիոնալ, դասական պատգամավոր եւ դարձել եմ»։

Նա կարեւոր համարեց, որ ԱԺ–ում ներկայացված երիտասարդներից շատերը լեզուներ գիտեն, որը կօգնի օտարերկրյա պատվիրակությունների կազմում նրանց աշխատանքին. «Այս խորհրդարանում ներկայացված երիտասարդների մեծ մասն էլ գիտեն լեզուներ, այժմ պետք է իմանան, թե ինչ մարմին են գնում, ինչ առաջնահերթություն ունի երկիրը այդ մարմնում, այս առումով ես կարծում եմ, որ մենք կկարողանանք իրար հետ աշխատելով, փորձը կիսելով լավ պատվիրակություններ ունենալ, տեսնենք, դեռեւս որեւէ պատվիրակություն ձեւավորված չէ, ես կլինեմ ԵԽԽՎ–ում, պատրաստ եմ իմ փորձով կիսվել ցանկացածի հետ»։

Մարուքյանը ԱԺ–ում մշտական հանձնաժողովների մասով հիշեցնում է՝ «Դոնթի բանաձեւով» 6-րդ հանձնաժողովն իրենց է հասնում, իսկ իրենք հավակնում են ֆինանսաբյուջետային, տնտեսական, արտաքին հարաբերությունների, պետաիրավականին, պաշտպանություն հանձնաժողովին. «Սրանցից որը մնացած լինի 6-րդ հերթում, մենք կընտրենք, որովհետեւ ես չեմ գնալու որեւէ մեկի հետ բանակցեմ»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության խմբակցության ղեկավարը հույս ունի նաեւ, որ նախորդ խորհրդարանի համեմատ այս ԱԺ–ում ավելի մեծ թվով ներկայացված կանայք իրենց դերը կունենան, իրենց մոտեցումներով կբազմազանեցնեն կարծիքների բախումը եւ ավելի արդյունավետ կդառնա պատգամավորների աշխատանքը։