Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի քաղաքական ուժերի հարաբերություններում խնդիրներ կան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքերով՝ կան խնդիրներ եւ հակասություններ, միեւնույն ժամանակ առկա է միասին գործելու մոտիվացիա։ «Մենք տեսանք, թե ինչպես է վերջին երեք ընտրարշավներում աշխատել Փաշինյանի թիմը։ Դա փոխադարձ շահագրգռություն էր, ուստի համագործակցությունը հաստատվել է»,- նշել է նա։

Իսկանդարյանն ընդգծել է, որ ընդդիմության պահանջմունք կա, եւ այն անպայման աճելու է։ Եվ  դա նշանակում է, որ մարդիկ պետք է այդ պահանջը «պատկերեն»։ «Առայժմ հասարակությունում կա ընդհանուր համախմբման, սպասման պահանջմունք, որ քաղաքական ուժերը պետք է միասին լուծեն ինչ-որ բան։ Հենց որ առաջ գա խորհրդարանից դուրս քննադատության պահանջ, այն արագ կտեղափոխվի Ազգային ժողով։ Այդ պահանջը կարող է բխել նաեւ լրագրողներից»,- հավելել է փորձագետը։

Նա պարզաբանել է, որ հետագայում քննադատությունը բխելու է ինչպես «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից, այնպես էլ կառավարող կուսակցության ներսից՝ պառակտման արդյունքում։