Նորագավիթի մաքսատունն այսուհետ կաշխատի շաբաթը 6 օր։ Հունվարի 12–ից սկսած «Արարատյան» մաքսատանը քաղաքացիներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին՝ ժամը 9։00–ից 18։00–ն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արարատյան» մաքսատան վարչության պետի տեղակալ Արմեն Սաֆարյանը։ Անդարադառնալով հունվարի 8–ից մաքսատանը գոյացած հերթերին, Սաֆարյանը նշեց, որ կրկնակի աճել է Հայաստան ներմուծված մեքենաների թիվը։ Բացի այդ, ըստ նրա՝ եղանակային անբարենպաստ պայմանների և ճանապարհներն անանցանելիության պատճառով սահմանին մեքենաների կուտակումներ են եղել։ Մաքսայինի պաշտոնյանի խոսքով՝ հերթերի գոյացման պատճառներից մեկն էլ տոն օրերին մարդկանց զբաղվածությունն է եղել։

Հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք հերթի կառավարման համակարգ ներդնել և խուսափել քաղաքացիների միջև վեճերից, Սաֆարյանն ասաց. «Շատ կարճ ժամանակահատվածում մենք կունենաք հերթերի գրանցման և ավտոմատացված համակարգեր, որոնց միջոցով մարդիկ կկարողանան հերթագրվել»։

Սաֆարյանը հավաստիացրեց, որ հաջորդ շաբաթ մաքսատանը նման  կուտակումներ չեն լինի։

«Արարատյան» մաքսատան վարչության պետի տեղակալը տեղեկացրեց, որ դեկտեմբերից «Արարատյան» մաքսատունը փոխել է իր աշխատանքային ռեժիմը.

«Տոն օրերին՝ հունվարի 3–ին, 4–ին և 5–ին մաքսատանը հերթապահություն են իրականացրել։ Հունվարից սկսած մաքսատունն աշխատում է 6–օրյա ռեժիմով, աշխատանքային ժամերը 9։00–ից 18։00 են։ Բացի այդ դեկտեմբերից Հանրապետության բոլոր մաքսատների մաքսակետերը  ավոտոմեքենների մաքսազրծում կարող են իրականացնել»։

Անդրադառնալով ինվոյսներով ներկրվող մեքենաների մաքսազերծման համար  կողմնորոշիչ գների փոփոխությանը, Սաֆարյանն ասաց.

«Մենք փորձում ենք ճշտել ներկայացված ինվոյսների արժանահավատությունը, եթե ներկայացված ինվոյսներն արժանահավատություն են ներշնչում, մաքսազերծումն իրականացվում է ինվոյսի արժեքով. դրա հետ մեկտեղ մենք ունենք կողմնորաշիչ գներ, որոնք 2019թ. համար վերանայվել են  և բազմաթիվ   մեքենաների համար այդ գները նվազեցվել են»։