Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը սպառնալիք և շանտաժ որակեց  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը կլրացվի:

«Շանտաժն իրականացվում է ոչ թե նրա համար, որ իրականում մեղադրանքը լրացնելու բաներ կան, այլ նրա համար, որ պաշտպանական կողմն, այսպես ասած, իրեն համեստ պահի, քանի որ յուրացումների մասով մեղադրանքը կյանք չունի։ Նախաքննական մարմինը չի ուզում բացահայտել ճշմարտությունը. իրականությունն այն է, որ Մանվել Գրիգորյանը ոչ մի բան չի  յուրացրել և եթե նախաքննությունը արդարադատության շահով հետաքրքրված լինի, շատ արագ հայտարարություն կանի, որ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը յուրացումների մասով պետք է հանվի»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի  24–ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարներին հավաստիացրել էր, որ  հարկ եղած դեպքում Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը կլրացվի:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: