Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստեղծի մասնավոր հիմնադրամ, որին նա կփոխանցի իր աշխատավարձը: Այս մասին Զուրաբիշվիլին տեղեկացրել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Новости- Грузия»–ն։

Զուրաբիշվիլու հիմնադրամը պետք է դառնա այլընտրանք նախագահի պահուստային ֆոնդին, որը վերացվել է 2019թ.–ին նախագահի վարչակազմի ֆինանսավորման կրճատումից հետո:

Ինքն անձամբ ապրելու է Ֆրանսիայի տրամադրած  թոշակով: Չնայած այն հանգամանքին, որ 2018թ. օգոստոսից նա Ֆրանսիայի քաղաքացի չէ, 67-ամյա Զուրաբիշվիլին իրավունք ունի ստանալ կուտակված վճարները, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ում ավելի քան 30 տարվա աշխատանքի համար:

 «Քանի որ նոր իրականության մեջ նախագահական հիմնադրամը վերացվել է, ես որոշեցի նոր ձեւ գտնել` բարեգործությանը մասնակցելու, նորարարությունների եւ նախաձեռնությունների խթանման համար: Ես կարեւոր եմ համարում մասնակցելն այս գործընթացին, եւ մենք դեռեւս իրավական տեսանկյունից ձեւ ենք փնտրում, որպեսզի իմ հովանու ներքո հիմնադրամ ստեղծենք՝ հասարակական անձանց աջակցությամբ, որտեղ ես կփոխանցեմ իմ աշխատավարձը, քանի որ  արդեն ստանում եմ Ֆրանսիայում կուտակված կենսաթոշակս, եւ այն ինձ բավարարում է: Հուսով եմ, որ մյուսները կհետեւեն իմ օրինակին», - ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին նշել է, որ նոր հիմնադրամը բացարձակապես թափանցիկ կլինի, եւ թե ինչպես այն կֆինանսավորվի, կորոշի մեծամասնությունը:

Ամեն տարի պետական ​​բյուջեից նախագահական պահուստային հիմնադրամ էր փոխանցվում 5 միլիոն լարի (մոտ 1,9 միլիոն դոլար):

Այս ֆոնդից պետության ղեկավարը կրթաթոշակներ է հանձնել առանձնացող ուսանողներին, ֆինանսավորել է մարդու իրավունքների պաշտպանությանը, նորարարական եւ արտադրողական կարողությունների զարգացմաըն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, եւ այլն: