Առողջապահության նախարարության շենքի առջեւ այսօր՝ հունվարի 11–ին, տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնության, որով նախատեսվում է արգելել հասարարական վայրերում, այդ թվում` ռեստորաններում եւ սրճարաններում՝ ներառյալ  նարգիլեի համար նախատեսված վայրերում ծխելը։

«Բազմաթիվ մարդիկ այս բիզնեսում մեծ գումարներ են ներդրել, հազարավոր աշխատատեղեր են ստեղծել եւ այժմ փաստացի մեզ ցանկանում են արգելել աշխատել», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, որը հրաժարվեց ներկայանալ:

«Օրենքի նախագծում առհասարակ բազմաթիվ բացթողումներ կան․ սահմանումները ոչ միանշանակ են, առաջատար երկրների փորձը՝ անտեսված», - ասաց մյուս մասնակիցը։

Պետք է նշել, որ հավաքվածների թվում ինչպես «նարգիլեի սիրահարներ» էին, այնպես էլ ռեստորանների եւ սրճարանների տերեր: Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում էին, որ իրենք կանոնավոր հարկեր են վճարում եւ ապահովում են Հայաստանում զբոսաշրջության զարգացումը, սակայն Առողջապահության նախարարի նախաձեռնությանը կարող է զբոսաշրջության ոլոտին զգալի վնաս հասցնել:

Մասնակիցներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց է մոտեցել նախարարության ներկայացուցիչը եւ հավաստիացրել, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել, քանի որ այդ թեմայով փորձագետների եւ շահագրգիռ անձանց մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն անցկացվել: Սակայն ակցիայի մասնակիցները նշեցին, որ Արսեն Թորոսյանը հեռուստահաղորդումներից մեկում ասել էր, որ քննարկումներն արդեն անցկացվել են եւ որոշումն ընդունվել է։

«Մեզ այդ մասին չեն տեղեկացրել: Ոչ ոք ոչինչ չգիտի: Չէ՞ որ մենք շահագրգիռ կողմ ենք: Նախարարությունում հակասական բացատրություններ են տալիս», -դժգոհեց ակցիայի մեկ այլ մասնակից:

Միեւնույն ժամանակ մասնակիցները հայտնեցին, որ պատրաստ են ակցիան այնքան ժամանակ շարունակել, մինչեւ որ նախարարությունը չվերանայի տվյալ որոշումը: