Երևան քաղաքի Արամի 23 շենքի վթարային պատի փլուզման մասին «911» ծառայությունն ահազանգ է ստացել  ժամը 21:48-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայր է եկել նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար:

Ավելի վաղ փլուզման մասին գրառում էր արվել Հայաստանի փոքրիկ երգիչներ ֆեյսբուքյան էջում․ «Րոպեներ առաջ պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,-ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ այդ շենքում է տեղակայված  Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Նրանք ամիսներ շարունակ ահազանգում էին շենքի քայքայված վիճակի մասին։ Հեքեքյանը դիմել էր քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, բայց անարդյունք։