Շենքի հետևի մի փոքր հատվածն է փլուզվել, որը վթարային էր, եւ սպասվում էր, որ եթե մի փոքր հապաղենք, ապա դա տեղի կունենա․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, որ եկել էր դեպքի վայր՝ Արամի 23 հասցե։ Փլուզման պատճառների մասին տիկին Մակունցը տեղյակ չէր, ասաց՝ «այս պահին չեմ կարող որևէ բան ասել, չեմ կարող նույնիսկ տեղեկացնել, թե ինչն է խթանել, հարուցել, որպեսզի փլուզվի, որովհետեւ ցանկացած բան կարող էր լինել, նույնիսկ եղանակային պայմանները կարող էին դրան հանգեցնել։ Տեսնենք՝ ինչ կարող ենք անել, հենց վաղը ևեթ որոշակի միջոցներ պետք է ձեռնարկվեն»։

Մակունցը հավաստիացրեց, որ ամեն բան, ինչ կախված է մշակույթի նախարարությունից, արել են, խնդրի լուծումը այլևս չէր գտնվում մշակույթի նախարարության տիրույթում, այնուամենայնիվ, ասաց՝ «հիմա այն պահն է, թե անկախ նրանից մեր տիրույթում է, թե ոչ, պետք է հասկանանաք, թե ինչպես կարող ենք իրավիճակը շտկել, եթե իհարկե դա հնարվոր է»։

Դեպքի վայրում էր նաեւ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետը․ նա NEWS.am-ին տեղեկացրեց, որ հերթապահություն են կատարում, որպեսզի անցուդարձ չլինի, ծանր տեխնիկա չշարժվի, փողոցը երկու կողմից փակ է, տարածքը սահմանազատվել է․ գնդապետ Առնոլդ Հարությունյանը նաեւ ասաց՝ ոչ մի մարդ չի վնասվել, քանի որ փլուզման պահին շենքում մարդ չի եղել։