Արամի 23 պատմական հուշարձան շենքի մոտ այսօր՝ հունվարի 12-ին, ակցիա է տեղի ունենում:

Նշենք, որ երեկ երեկոյան շենքի մեկ հատվածը փլուզվել էր:  Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը երեկ ուշ երեկոյան դեպքի վայր էր այցելել եւ ասել, որ միջոցներ կձեռնարկեն շենքը վերականգնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երեւան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) եւ առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաեւ վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին եւ պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաեւ ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) եւ առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին եւ առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: