Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի եւ գույքի նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

«Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջեւ։

Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը եւ համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։

Մկրտչյանը լուսանկար էր տեղադրել սոցիալական ցանցում՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։

Հիշեցնենք, որ այսօր Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվելուց հետո Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիա իրականացնողների եւ Մկրտչյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ։ Ըստ ցուցարարների՝ Մկրտչյանն իրենց անվանել է թափթփուկներ։

Վնասել են Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան (ֆոտո)