Լոռու մարզի ոստիկանները նախօրեին հանցանքի վայրում փախուստի դիմելիս հետապնդել ու բռնել են մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տունը թալանողներին. Պարզվել է, որ նրանցից մեկը ՊՆ ծառայող է:

Shamshyancom-ի  փոխանցմամբ, հունվարի 11-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում գողություն է կատարվում։ Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում հասել են նշված վայր, որտեղ նկատել են, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր են տեղադրել ու դիմել փախուստի։

Ոստիկանները հետապնդել են Mercedes-ին եւ Նարեկացի փողոցի թիվ 15 հասցեի մոտ կանխել Mercedes-ի հետագա փախուստը: Ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալներին:

Պարզվել է, որ նրանք են Վանաձոր բնակիչներ 24-ամյա Անդրանիկ Ա.-ն, 28-ամյա Գեւորգ Մ.-ն, 26-ամյա Սամվել Հ.-ն եւ 27-ամյա Արմեն Հ.-ն: Անդրանիկ Ա.-ի մոտ հայտնբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ, իսկ Գեւորգ Մ-ի մոտ՝ ծալովի դանակ։

Ոստիկանները պարզել են, որ 47-ամյա Վարուժան Ս.-ին պատկանող Աղայան փողոցի 74/1 շենքի 13 բնակարանի դռան փականը վնասված է, ննջասնյակի, հյուրասենյակի իրերը խառնած վիճակում են։

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներից Վարուժան Ս.-ն աշխատում է Լոռու մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ եւ նրա տանը վարձակալական հիմունքներով բնակվում է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։ Ձերբակալվածներից Արմեն Հ.-ն էլ աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզում փորձել են գողություն անել մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տնից։ NEWS.am-ին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնել էր, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տան կողպեքը, սակայն, հանցագործությունն ավարտին չեն հասցրել. ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք։

Նշենք, որ Արսեն Մարտիրոսյանը վարձով է բնակվում Վանաձորում։

Լոռու մարզի դատախազի բնակարանի գողության դեպքով 4 անձ է ձերբակալվել