«Փոքրիկ երգիչների» շենքը (Արամի23) վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետեւանքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երեւանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) եւ հետեւաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երեւանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ)․ անհասկանալի է պարոն Մեսչյանի մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր եւ անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից:

Արամի 23-ի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետեւանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ մշակույթի նախարարություն չի ներկայացվել:

հ.գ. դեռ օգոստոսին մշակույթի նախարարությունը դատախազություն է դիմել հուշարձան շենքը վնասելու մասով, կասկած չունեմ, որ մեղավորները կպատժվեն»: