Առնվազն 20 մարդ է վիրավորվել Փարիզի կենտրոնում գտնվող հացի խանութում տեղի ունեցած պայթյունից, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Europa Press-ին։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ երկու տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, յոթ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, եւս 11-ը՝ թեթեւ։ Հաղորդվում է նաեւ մեկ զոհի մասին։ Սակայն դա առայժմ պաշտոնապես չի հաստատվել։

Ինչպես տեղեկացնում է PA-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը, հրշեջները վիրավորներին դուրս են բերել պատուհաններից եւ տարհանել շենքի բնակիչներին։

Ականատեսները ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել են, որ լսել են պայթյունի ձայնը, եւ մերձակա շենքերում գտնվող մարդիկ ասես հայտնվել են ծուղակում։

Միեւնույն ժամանակ, Փարիզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ պատահարի արդյունքում, բարեբախտաբար, ոչ ոք չի զոհվել։

Շենքը, որտեղ որոտացել է պայթյունը, գտնվում է Փարիզի 9-րդ օկրուգի Թրեւի փողոցում, Ֆոլի-Բերժեր թատրոնի հարեւանությամբ։