Արամի 23 հասցեում երեկ տեղի ունեցած փլուզման հետեւանքով Մադլենա Սարոյանն առանց բնակարանի է մնացել։ Լրագրողների հետ զրույցում բնակչուհին ասաց, որ զանգել է այդ տարածքում շինարարություն իրակակացնողին, սակայն կոշտ պատասխան է ստացել։

«Երեկ ժամը 21։00-ից ես չունեմ բնակարան, եկեք նայեք։ Անցած տարի հունիսի 23-ին եղավ փլուզում, քարերը տան  մեջ թափվեցին, պատը ճաքել էր, դրանից հետո շինարարը մեզ մոտեցել է եւ հորդորել տանից դուրս գալ։ Դրանից հետո քանի գնում էր ճաքերը մեծանում էին, մեզ ոչ մեկ չի մոտեցել, գոնե ներողություն խնդրեր։ Ես երեկ երեկոյան իրեն զանգահարել եմ, ինձ ասում է՝ ես մեղավոր չեմ։ Հիմա ես չունեմ բնակարան, որտե՞ղ եմ բնակվելու, ինձ կարող են պատասխանել»,– ասաց նա։

Նա նշեց, որ երեկվանից ստիպված է եղել բնակարան վարձակալել եւ տեղափոխվել, քանի որ հնարավոր չէ մնալ փլուզված պատով բնակարանում։

Հիշեցնենք, որ «Հին Երեւան» ծրագրի շրջանակներում, շվեյցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի եւ հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վնաս են հասցրել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքին: Շինարարության ընթացքում թուլացել է հողը, ինչի արդյունքում շենքի պատերին ճաքեր են հայտնվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ վերոնշյալ հասցեում փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: