Էջմիածինցի ցուցարարները գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով շարունակում են փակ պահել դեպի օդնավակայան տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են պատգամավորներին կամ Էջմիածնի քաղաքապետին գալ ակցիայի վայր եւ լսել իրենց պահանջները։

«Պատգամավորներին, քաղաքապետին էլ կոչ եմ անում եւ խնդրում՝ եկեք եւ միացեք ձեր ժողովրդին, դուք մեր կողմից եք ընտրվել։ Խնդրում եմ եկեք մի հատ տեսեք՝ ձեր ժողովուրդն ինչ է ասում, միգուցե դուք կարողանաք Ազգային ժողովում 2/3-րդով հարց լուծել, մենք էդ հարցը չենք կարողանում ժողովրդով լուծել: Քանի որ դուք մեր բանախոսներն եք, մենք ուզում ենք մեր խոսքը ձեզ փոխանցել, որ դուք գնաք այնտեղ ամբիոնից ելույթ ունենաք, ձեզ այնտեղ 1 րոպե ժամանակ է տրամադրվում, չեք ծուլանա, մեկ– երկու բառ կխոսաք»,– ասաց ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը։

Նա նշեց, որ հանրության համար վտանգ ներկայացնող մարդուն բաց են թողել, հանրություն է էլ սեփական պաշտպանության միջոց ընտրել է քաղաքացիական անհնազանդությունը։

Ցուցարարները պահանջում են Մանվել Գրգորյանին անհապաղ ձերբակալել, նրա փաստաբան Արսեն Մկրտչյանին էլ փաստաբանանկան լիցենզիայի զրկել։

Այս պահին ոստիկանները բանակցում են բացել ճանապարհը եւ սպասել պատգամավորներին։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: